Մեկնարկում է 2019-2020 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական, միասնական և կենտրոնացված քննությունների կազմակերպման գործընթացը: Գնահատման և թեստավորման կենտրոնը մանրամասներ է ներկայացրել այդ գործընթացից:
ԳԹԿ-ն սույն թվականի փետրվարի 1-ից սկսել է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2019-2020 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործական աշխատանք» (շարադրություն) առարկաներից պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (բանավոր) քննությունների (2020 թվականի բուհերի ընդունելության) կազմակերպման գործընթացը:
Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:
2019-2020 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է`
3×4 չափի լուսանկար` էլեկտրոնային տարբերակը,
անձնագրի, նույնականացման քարտի կամ ծննդյան վկայականի պատճենը,
ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ: Վճարումը կարելի է կատարել ցանկացած բանկում:
Միասնական և կենտրոնացված քննությունների վճարից ազատվում են հետևյալ դիմորդները`
պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2020 թվականի մարտի 15-ն է:
Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական և լրացուցիչ: Հիմնական փուլի միասնական քննությունները տվյալ տարվա փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հունիսին հանձնվող միասնական քննություններն են:
Լրացուցիչ փուլը տվյալ տարվա հունիսի 24-ից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հուլիսին հանձնվող քննություններն են, որին կարող են մասնակցել․
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներն ու օտարերկրացիները,
օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները,
նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:
Փաստաթղթերն ընդունվում են գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 24-ից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում, բուհում՝ հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18։00-ն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը